Մոտիվացիա

Մարդկային վարքագծի գրեթե բոլոր ասպեկտներում մոտիվացիան շատ մեծ դերակատրություն ունի: Ցանկացած որոշում կայացնելիս մենք առաջնորդվում ենք մոտիվացիոն ներքին մղումներով:

Հոգեբանները, խոսելով մոտիվացայի մասին, նշում են, որ դա ներքին վիճակ է, ցանկություն, որն ակտիվացնում է վարքագիծը և ուղղորդում դեպի նպատակը: Այլ կերպ ասած՝ Մոտիվացիան կարիքների և ցանկությունների ազդեցությամբ թելադրվող վարքագիծն է:

Մեկ այլ սահմանման համաձայն՝ մոտիվացիան գործընթաց է, որը սկիզբ է դնում, ուղղորդում և պահպանում դեպի նպատակը տանող վարքագիծը: Մոտիվացիան խթան է, որը ստիպում է մեզ գործել: Ընդ որում՝ տարբեր են և՛ նպատակները, և՛ մեխանիզմները: Մեխանիզմ կարող է լինի թե՛ ծարավը հագեցնելու համար (նպատակ) մեկ բաժակ ջուր խմելը (մեխանիզմ), թե՛ գիտելիք ստանալու համար (նպատակ) գիրք կարդալը (մեխանիզմ):

Այժմ խոսենք մոտիվացման (խրախուսման) տեսակների մասին: Հոգեբաններն առանձնացնում են խրախուսման երկու հիմնական տեսակ՝ ներքին և արտաքին:

Ներքին մոտիվացիա

Ներքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները/շարժառիթները բխում են ներսից, կապված են իր սեփական հետաքրքրությունների և ցանկությունների հետ:

Առանձնացվել են ներքին մոտիվացիան բարձրացնող/խթանող մի քանի գործոն՝

Մարտահրավեր

Մարդիկ մոտիվացվում են, երբ փորձում են հասնել մի նպատակի, որը բխում է իրենց անձնական հետաքրքրություններից, կապված է ինքնագնահատականի բարձրացման հետ, որտեղ գործողույթան արդյունքը հասանելի է և նպատակին հասնելը հնարավոր է, բայց ոչ շատ հեշտ:

Հետաքրքրություն

Մարդու ներքին մոտիվացիան բարձրանում է, երբ ֆիզիկական միջավայրում ինչ-որ բան գրավում է անհատի ուշադրությունը, այն է զգայական հետաքրքրությունը և երբ գործողությունը կամ աշխատանքը կատարելիս անհատի մոտ ցանկություն է առաջանում սովորել ավելին, այն է ճանաչողական/իմացական հետաքրքրություն:

Հսկողություն

Մարդիկ սիրում են, երբ իրենց և իրենց միջավայրը վերահսկվում է և հստակ սահմանված են նպատակները. ուր են գնում և ինչու:

Համագործակցություն և մրցակցություն

Ներքին մոտիվացիան կարող է բարձրանալ այնպիսի իրավիճակներում, երբ անհատը բավականություն է ստանում մեկ ուրիշին օգնելուց, ինչպես նաև այն դեպքերում, երբ կարողանում է համեմատել իր և մյուսների կատարած աշխատանքը, որտեղ ինքն ավելի շահեկան դիրքերում է:

Ճանաչում/Ընդունում

Մարդիկ սիրում են, երբ իրենց կատարած աշխատանքը և գրանցած հաջողությունները ճանաչվում և ընդունվում են մյուսների կողմից :

Արտաքին մոտիվացիա

Արտաքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները (շարժառիթները) գալիս են արտաքին աշխարհից, աշխատանքը կատարվում է ակնկալիքով, որ լինելու է սպասված պարգևատրումը՝ նյութական կամ ոչ նյութական (գումար, պատվոգիր, մրցանակ, գովաբանում, լավագույն աշխատողի ճանաչում և այլն):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *