Archives

Ամանորյա ավանդական ուտեստներ

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ:
Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Ուտեստների մի մասը եփվում է դեկտեմբերի 30-31-ին: Հնում պարտադիր կերակուրներից էին հարիսան ու անուշապուրը:
Ամենատարածված խմորեղենը «տարին» կամ «տարեհացն» էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: Եթե դանակը կտրելիս դիպչում էր կոպեկին, դժբախտության նշան էր, իսկ ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում:
Հին երևանցիների Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստի ավանդական տեսակներով՝ աղանձ, որը ձավարով, կանեփով, քունջութով ու չամիչով էր համեմված, պասուց տոլմա, ձկնեղեն և այլն։ Պասային ուտելիքների առկայությունը պայմանավորված էր նրանով, որ տոնը համընկնում էր շաբաթապահքի օրերի հետ։
Լոռիում ամեն տուն Ամանորի հաց պիտի թխեր՝ անկախ այն հանգամանքից կենցաղային կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ հաց ոնեին, թե՝ ոչ: Շատ էին պատրաստում փոքրիկ մարդակերպ հացեր, հաճախ դրանք համեմում էին քիշմիշով: Այդ հացերը հիմնականում հայտնի էին «ասիլ-բասիլ» անունով: Պատրաստում էին նաև «կլկալ» կամ «ղուլաճ» անունով թխվածքներ, որոնք իրենցից ներկայացնում էին կլոր, մեջտեղը ծակ բլիթներ: Վերջինս անցկացնում էին եզան կամ գոմշի եղջյուրների մեջտեղով, որպեսզի այդ տարի իրենց հորերում ցորենի առատություն լինի: Ծիսական հացը թխելիս խմորի վերջին երեք գնդերի վրա ցորենի, գարու և հաճարի նախշեր էին անում: Վերջիններս դնում էին թոնրի մեջ՝ մինչև որ թեժ կրակից ուռչեն: Դրանցից յուրաքանչյուրի փքվելու աստիճանից էլ գուշակում էին սպասվելիք բերքի առատության չափը: