Archives

Համո Սահյան

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Հ. Թումանյանի պոեմների վերլուծություն

<<Մարո>>

Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները։
Մարոն փոքրիկ աղջիկ էր ում ուզում էին ամուսնացնել։ Նրա միակ հույսը իր ծնողներն էին սակայն նրանք էլ չօգնեցին։ Նրա հայրը վախենալով մարդկանց կարծիքներից չօգնեց իր աղջկան։Մարոյին փոխանակ օգնեին, դուրս շպրտեցին տանից։ Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձորը։Կարծում եմ, որ Մարոյի մահվան համար միայն մեղավոր էր հասարակությունը։

<<Լոռեցի Սաքոն>>

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն։
Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը նրան խելագարության էին հասցնում։Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն։Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը։

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Լոռեցի Սաքոն

I

 

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ։

 

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,

Խելագար թըռչում քարերի գըլխով,

Փըրփուր է թըքում անզուսպ երախով,

Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

 

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,

Ու գոռում գիժ-գիժ.

― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

 

Մութ անձավներից, հազար ձևերով,

Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով

Դևի հառաչքին արձագանք տալի,

Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի

Ու կըրկնում են գիժ-գիժ․

― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

 

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

 

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝

Ալիքների հետ խաղում դողալով,

Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝

Ոգի է առնում ամեն բան էնտեղ,

Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

 

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։

Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,

Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,

Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,

Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

 

Նայում է ձորին մի հին խաչարձան։

 

 

II

 

Էն ձորի միջին ահա մի տընակ։

Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։

Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.

Սատանի նման՝ նա էլ էս գիշեր

Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―

Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,

Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,

Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,

Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

 

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―

Ոչխարը թողել՝ գնացել է տուն։

Այնինչ՝ համկալը հենց առավոտը

Դեպի սարերը քշեց իր հոտը։

Ու Սաքոն անքուն,

Թաց տըրեխները հանել է, քերել,

Գուլպան բուխարու վըրա կախ արել

Ու թինկը տըվել,

Մեն- մենակ թըթվել։

 

 

III

 

Թեկուզ և մենակ լինի փարախում,

 

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։

Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,

Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին

Կաղնըքի լինի անտառում ընկած։

Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,

Գըլուխը մեխած մահակը ձեռին՝

Ձեն տարավ, կանչեց զալում շըներին

Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,

Էնժամ կիմանաս, թե ընչի համար

Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

 

Հեռու են փախչում նըրա փարախից։

 

Ու իրեն նըման իրեն ընկերներ

Ապրում են սիրով երեխուց ի վեր։

Աստծու գիշերը գալիս են հանդեն,

Փետ են հավաքում, վառում են օդեն,

Շըհուն ու պըկուն խառնում են իրար,

Ածում են, խաղում, խընդում միալար․․․

 

 

IV

 

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր

Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։

Բուխարու կողքին լուռ թինկը տըված

 

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,

Որտեղից որտեղ, էն ձորի միջին

Միտն եկան տատի զըրույցները հին․․․

Միտն եկան ու մեր Սաքոն ակամա

Սկսավ մըտածել չարքերի վըրա,

Թե ինչպես ուրախ խըմբով միասին,

Ծուռը ոտներով գիշերվան կիսին,

Թուրքերի կանանց կերպարանք առած,

Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․

Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

 

Երբ նայում է մարդ քարափի գըլխից

Կամ թե ուշացած անցնում է ձորով,

Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,

Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,

Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․

Ու տատի խոսքերն անցյալի հեռվից

Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

 

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,

Արի՛ մեզ մոտ հարսանիք.

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

 

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

 

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․

Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․

Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

 

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

 

Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

 

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,

Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց

Երևութք եղան, անցնում են կամաց,

Խավար ու դանդաղ, ըստվերների պես,

Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

 

 

V

 

Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ

Շեշտակի անցավ փարախի մոտով,

Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից

Անդունդը մի քար գըլորեց ոտով,

Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

 

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,

Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―

Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն

Եկավ ու կանգնեց փարախի վըրա,

Կանգնեց ու լըռեց․․․

Ականջ դըրավ նա․․․

 

 

VI

 

― Ո՞վ հող թափեց բուխուրակից․

Էն ո՞վ նայեց լիսածակից․․․

Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,

Շունչ է քաշում դըռան ետև․․․

 

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.

Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

 

Պատասխան չըկա․ լըռության միջում

Ձորագետն է միայն մըրափած վըշշում։

― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․

Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․

Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․

― Գևո՜՜․․․

Ձեն – ձուն չկա։

 

Միայն ահավոր լըռության միջում

 

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։

Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․

Քընած է աշխարհ, քընած է քամին․

Անքուն չարքերը չեն միայն քընած,

Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,

Խավարում կազմած դիվական հանդես,

Վազում, վազվըզում ըստվերների պես,

Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,

Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․

Աչքերը հանգչող կըրակին հառած՝

 

Ծանըր է շնչում հովիվն ահառած,

Ու վայրի հոգին լեռնական մարդու

Ալեկոծում է կասկածն ահարկու։

― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․

Էն աստղերն էին աչքերի տեղակ,

Որ լիսածակից ներս էին ընկել․․․

Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝

Ու սիրտ չի անում։

Ականջ է դընում․․․

Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

 

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.

― Էստեղ է նա,

Հա՛, հա՛, հա՛, հա՛․

Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․

Նայիր էսպե՜ս,

Մըտիկ արա՜,

Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․

Սաքոն շարժվեց փըշաքաղած,

Դեպի շեմքը նայեց, դողաց․․․

Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

 

Թուրք կանանցով տունը լըցվեց,

Տունը լըցվեց թուրք կանանցով,

Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

 

 

VI

 

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին

Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։

Էն մութ, ահավոր գիշերվա կիսին

Վազում է Սաքոն Լոռու ձորերում։

Չարքերը ընկած նըրա ետևից,

Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝

Հասնում են մեջքին, բռնում են թևից,

 

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․

Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով

Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

 

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Արի մեզ մոտ հարսանիք,

Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝

Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

 

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․

Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․

Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

 

Ես էլ ազիզ բարեկամ․․․

 

 

VII

 

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․

Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

 

Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,

Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,

Խավարի միջին ծըփում են կայտառ՝

― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

 

 

 

 

 

Մարո պոեմից մեկ հատված

3.Ժիր էր Մարոն, դուրեկան,

Նոր էր իննը տարեկան,

Նըրանց տանը երբ մի օր

Եկան երկու եկավոր:

Ու Մարոյի մայրիկը

Երբ որ բերավ, դրավ լիքը

Խոնչեն նըրանց առաջին,

– Շնորհակալ ենք մենք, ասին,

Տաշտներդ լի հաց լինի,

Դռներըդ միշտ բաց լինի.

Հաց չենք ուզում ձեզանից,

Հող տըվեք մեզ ձեր տանից…

Էն ժամանակ Մարոյի

Հայրիկն առավ արաղի

Լիքը բաժակն ու ասաց.

– Կամքդ լինի, Տեր Աստված…

Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին:

Հուշեր Թումանյանի մասին

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***

Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր թումայանը ինձ (Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր. «Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…
***

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.
-Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:
-Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում, – պատասխանում է գրողը:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…, – ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր…
Է ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Իմ Տերյան

Բոլոր բանաստեղծները ունեն յուրահատկություններ: Բոլորն էլ ամեն մի մասով ինձ շատ դուր են գալիս, սակայն Վահան Տերյանը ինձ համար առաջնային է: Նրա բանաստեղծությունները կարդալիս կարծես իմ մասին գրված լինի ամեն ինչ: Չգիտեմ, Տերյանը արդեն դարձել է իմ Տերյանը: Այս շաբաթ մեզ մոտ տերյանական օրեր էին: Անցանք նրա բանաստեղծություններից, որոշները սովորեցինք անգիր: Դե ինչպես ասացի, ես Տերյանի բանաստեղծությունները շատ եմ սիրում, ուստի  առավել սիրելի բանաստեղծություն չունեմ, ուղղակի ինձ ամենից շատը դուր է եկել «Իմ գերեզմանին դուք չմոտենաք» բանաստեղծությունը: Չեմ կարող բացատրել, թե ինչու՞ հենց այդ բանաստեղծությունը: Այս օրերի ընթացքում սովորել եմ անգիր հետևյալ  բանաստեղծությունները` «Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» «Հրաժեշտի խոսքերից», «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք»: Կարծում եմ, որ կշարունակեմ կարդալ ու ավելի խորը ճանանչել իմ Տերյանին:

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,

Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.

Իմ ուղին միշտ մթին, մենավոր,

Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,

Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,

Ւմ վերև թող արև չըխնդա.

Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

 

1905