Հուշեր Թումանյանի մասին

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***

Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր թումայանը ինձ (Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր. «Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…
***

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.
-Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:
-Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում, – պատասխանում է գրողը:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…, – ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր…
Է ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *